Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աբգարի թագը

Աբգարի թագը
06.03.2018 | 11:46

Եվ երբ ժամանակը շատ առաջ գնաց, մարդկանց տրվեց ամեն «ազատություն»: Այդ «ազատությունը» մարդիկ օգտագործում էին իրենց մեղավոր բնույթին հագուրդ տալու համար: Եվ ամեն ինչ ծառայեցնում էին իրենց հաճույքներին, ամբարտավան էին, եսասեր, այդ պատճառով փորձությունները և հիվանդությունները անպակաս էին նրանցից: Բայց շատ քիչ մարդիկ կային, որոնք ազատվել էին հաճույքների, գոռոզության և եսասիրության գերությունից: Նրանց կյանքն անցնում էր սիրո, ուրախության և խաղաղության մեջ: Նրանք ինչ ձեռնարկում էին, հաջողում էին և շատ հարուստ էին: Մյուսները նախանձում էին նրանց և իրենց փորձությունների, դժբախտությունների և հիվանդությունների համար մեղադրում ազատներին: Եվ նրանք որոշեցին քշել իրենց երկրից ազատներին ու տիրանալ նրանց հարստությանը:


Այդ ժամանակ Աբգար անունով մի երիտասարդ էր ապրում ազատների ընտանիքում: Եվ մի օր նա խոսեց իր հայրիկի հետ:
-Հայրիկ, միգուցե գնանք մեր երկրից օտար մի երկիր, որ փրկվենք:
-ՈՒ՞ր գնանք, մեզնից առաջ շատերը գնացին և ուր եղան, այնտեղ էլ են հալածվում,- պատասխանեց հայրիկը:
-Հապա ինչ անենք, որ մենք էլ, բոլորն էլ փրկվեն:
-Դու պետք է գնաս ժամանակի մոտ և խնդրես, որ նա քեզ տանի Վաղեմի թագավորություն: Հավիտենից առաջ ծնված Վաղեմի թագավորը կարող է տալ փրկություն:
Եվ Աբգարը գնաց ժամանակի մոտ:
-Գիտեմ, ուզում ես, որ 5000 տարով հետ տանեմ քեզ,- ասաց ժամանակը:- Ես դա կանեմ, եթե պատասխանես իմ հարցին: Ինչո՞վ կարող ես գնել ինձ՝ ոսկո՞վ, արծաթո՞վ:
-Բարի գործերով միայն,- անմիջապես պատասխանեց Աբգարը:
-Դու ճիշտ պատասխան տվիր, կարդու՞մ ես գրքերի գիրքը:
-Այո, ամեն օր,- պատասխանեց Աբգարը:- Եվ ժամանակը նրան 5000 տարով հետ տարավ:
Աբգարը տեսավ, որ շատ գեղեցիկ էր Վաղեմը, և շատ արմավենիներ կային, որ իր երկրում չէին աճում: Վաղեմ քաղաքը պարսպապատ էր: Աբգարը վազեց, որ շուտ հասնի քաղաքի դարպասներին, բայց մի կրակի բոց փակեց նրա ճանապարհը: Նա փորձեց ճեղքել անցնել, բայց կանգ առավ, երբ բոցերի մեջ մի մարդ տեսավ կանգնած, որ նրան ասում էր.
-Աբգար, ես քեզ կօգնեմ, եթե պատասխանես իմ հարցին և ասես, թե ինչն է կրակից առավել զորեղ:
-Խոսքն է, Տեր,- պատասխանեց Աբգարը:
-ՈՒրեմն դու կարդացե՞լ ես գիտության գիրքը:
-Ամեն օր, Տեր,- պատասխանեց Աբգարը:
-Ես եմ Խոսքը, Աբգար, արի և մի վախենա:- Եվ Աբգարը անվնաս անցավ բոցերի միջով ու հայտնվեց Վաղեմի դարպասների մոտ: Բայց դարպասները փակ էին և պահապաններ ունեին, որ չորս աժդահաներ էին՝ տարօրինակ դեմքերով: Եվ նրանք ասացին Աբգարին.
-Գիտենք, որ շտապ ուզում ես մտնել քաղաք, բայց դու պետք է պատասխանես մեր հարցին` ո՞րն է ամենամեծ սերը:
-Ամենամեծ սերն այն է, որ մեկն իր անձը զոհի իր ժողովրդի փրկության համար,- պատասխանեց Աբգարը:
-Դու կարդացե՞լ ես գրքերի գիրքը,- հարցրին նրանք:
-Այո, ամեն օր եմ կարդում:
Դարպասները բացվեցին, և Աբգարը քայլեց դեպի թագավորի պալատը։ Նա սաստիկ զարմացավ, երբ տեսավ, թե ինչպես պալատի չորսբոլորը սփռված մարգագետնում նստած գայլերն ու գառները միասին արածում էին, առյուծներն արջառի պես խոտ էին ուտում:
Երբ մտավ պալատ, խոնարհվեց և երկրպագեց թագավորին:
-Գիտեմ, սիրելի Աբգար, խնդրանքդ։ Տեսնու՞մ ես ծառը այգու մեջտեղում. գնա և վերցրու ծառի թագերից մեկը:
Աբգարը մոտեցավ ծառին և տեսավ, որ ծառից աղավնիների փետուրներով պատրաստված թագեր էին կախված: Աբգարը վերցրեց թագերից մեկը և ամուր սեղմեց կրծքին:
-Աբգար, տար այդ թագը քո երկիրը, և քո երկիրը կբժշկվի, մարդիկ կփոխվեն և այլևս չեն պարծենա իրենց անձը բարձրացրած մարդկանցով, այլ կպարծենան իրենց անձը խոնարհեցրած մարդկանցով:
Եվ Աբգարի վրա հանգիստ քուն իջավ: Երբ արթնացավ, արդեն տանն էր: Բոլորը հավաքվել էին նրա շուրջը և սպասում էին, թե էլ ինչ հրաշք է լինելու: Աբգարի հայրիկը վերցրեց թագը, գոհացավ՝ երկնքին նայելով… և բաց թողեց ձեռքից: Թագը սկսեց բարձրանալ դեպի երկինք, և քիչ անց միլիոնավոր փետուրներ, ասես ձյան փաթիլներ, երկնքից թափվեցին մարդկանց վրա: Եվ մարդիկ փոխվեցին ու դարձան բոլորովին նոր մարդ, նրանց միջից իսպառ վերացավ չարությունը, և սեր-ուրախությունը լցվեց նրանց մեջ:


-Այ սա հրաշք է,- անընդհատ կրկնում էր Աբգարի պապիկը, որը շատ ծեր էր և այդպիսի բան չէր տեսել: Իսկ Աբգարը ծիծաղում էր ու կարոտով ասում.
-Պապիկ, հրաշքը դու դեռ չես տեսել, այ, երբ կտեսնես առյուծներին, եղնիկներին, գայլերին ու գառներին միասին դաշտում արածելիս, այն ժամանակ կզարմանաս իսկապես:

Լևոն ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ

ref="hy芒鈥/1584993082">«Թավշյա» հարաբերություններ